Օրենսդրական մեկնաբանություններ
Անհատույց կամ իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ
Հարգելի՛ հաշվապահներ, իսկ դուք գիտե՞ք, որ անկախ այն հանգամանքից, թե տնտեսվարող սուբյեկտը հարկման որ համակարգում է աշխատում, անհատույց կամ իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ (այդ թվում՝ առանց զեղչի մասին գրավոր ակտի) գործարքների դեպքում ևս պետք է դուրս գրեք հաշվարկային փաստաթղթեր:
Ստորև ներկայացնեմ վերոնշյալի իրավական հիմքերը.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի՝ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր է դուրս գրել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:
Ապրանքի մատակարարում է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Աշխատանքի կատարում է համարվում աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Անհատույց գործարքների դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթի «Լրացուցիչ տվյալներ» դաշտում պետք է նշել «Անհատույց» և.
- Շրջանառության հարկ վճարողների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել իրական արժեքի (անշարժ գույքի դեպքում՝ կադաստրային արժեքի) չափով:
- Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել իրական արժեքի չափով:
- ԱԱՀ վճարողների համար՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի չափով:
Իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում.
- Շրջանառության հարկ վճարողների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել հատուցման ենթակա գումարի չափով:
- Շրջանառության հարկ վճարողների համար, անշարժ գույքը կադաստրային արժեքից ցածր արժեքով օտարելու դեպքում, հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել կադաստրային արժեքի չափով՝ միաժամանակ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշելով «Հատուցման ենթակա գումարը կազմում է xxxx դրամ»:
- Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել հատուցման ենթակա գումարի չափով:
- ԱԱՀ վճարողների համար, առանց զեղչի մասին գրավոր ակտի առկայության դեպքում, հաշիվը պետք է դուրս գրել այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի չափով և միաժամանակ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշել «Հատուցման ենթակա գումարը կազմում է xxxx դրամ»:
- ԱԱՀ վճարողների համար, զեղչի մասին գրավոր ակտի առկայության դեպքում հաշիվը դուրս է գրվում հատուցման ենթակա գումարի չափով՝ զեղչի մասին պարտադիր նշմամբ:
Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի աշխատակից
ՍԻՐԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ
