Մեր Մասին
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան հիմնադրվել է 2014թ. նոյեմբերի 10-ին՝ Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Այն հասարակական մասնագիտական միավորում է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը: Ասոցիացիայի գլխավոր նպատակներից է ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Առաքելության իրագործման նպատակով Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հաշվապահների հետ, կազմակերպում և անց է կացնում նրանց վերապատրաստման և ուսուցման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություններ:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
- Աջակցել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը,
- ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, այդ թվում պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) զարգացմանը,
- Պետական, միջազգային և այլ կազմակերպություններում ստեղծված խորհուրդներում, հանձնաժողովներում և այլ մարմիններում ՓՄՁ ոլորտին վերաբերվող իրավական ակտերի, փաստաթղթաշրջանառության կամ այլ նմանատիպ հարցերի հետ առնչվող հանրային քննարկումներին ներկայացուցիչների միջոցով մասնակցել և նպաստել հասարակության, մասնավորապես՝ ՓՄՁ շահերի պաշտպանմանը,
- Օժանդակել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի (ՓՄԿ ՖՀՄՍ) ներդրմանը,
- Օժանդակել ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ ոլորտին վերաբերվող հարկային հատուկ հաշվառման կանոնակարգերի մշակմանը և ներդրմանը,
- Նպաստել համապատասխան (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից Ասոցիացիայի կրթական ծրագրերի և որակավորումների ճանաչմանը,
- Աջակցել Ասոցիացիայի անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը,
- Աջակցել Ասոցիացիայի անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
